Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության հետ համատեղ կազմակերպած «Կարիերայի օր» միջոցառման շրջանակներում ապրիլի 16 -ին HSBC բանկը հյուրընկալեց Երևանի, Արմավիրի և Կոտայքի մարզերի տարրական դասարանների շուրջ 15 աշակերտների:
Այդ գործարար այցելությունը նախաձեռնվել էր «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության «Ավելին քան փողը» (More Than Money) ծրագրի շրջանակներում:
«Ավելին քան փողը» միջազգային ծրագիր է, որը «Պատանեկան նվաճումներ» միջազգային կազմակերպությունն իրականացնում է HSBC Global Initiative ձեռնարկի շրջանակներում HSBC Holding plc ընկերության կողմից տրամադրված դրամաշնորհի միջոցներով: Ծրագիրը ներկայումս գործում է աշխարհի շուրջ 40 երկրներում` այդ թվում նաև Հայաստանում:
Ծրագիրը նախատեսված է տարրական դպրոցի աշակերտների համար և իրականացվում է HSBC բանկի կամավորների և Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության կողմից վերապատրաստված ուսուցիչների մասնակցությամբ: Դասընթացը աշակերտների գիտելիքներ է հաղորդում տնտեսագիտական և ֆինանսական ոլորտների վերաբերյալ, ինչպես նաև նրանց շրջանում խթանում է նորարարական մտածողության, սեփական դրամը վաստակելու և այն տնօրինելու հմտությանների ձևավորմանը` միաժամանակ նպաստելով նրանց մասնագիտական կողմնորոշմանը:
Այցելության ընթացքում HSBC բանկի գլխավոր տնօրեն Թիեզ Քլեմենսը դպրոցականներին ծանոթացրեց HSBC բանկի գործունեությանը, բանկի կողմից իրականացվող կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարությանը, բանկի կողմից առաջարկվող բարձակարգ ծառայությունների կառուցվածքին, ինչպես նաև զարգացման հեռանկարներին: